Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Էնդոպրոթեզավորում, հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Էնդոպրոթեզավորում, հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1. Ե՞րբ և ի՞նչ պատճառների դեպքում է անհրաժեշտ հոդի էնդոպրոթեզավորումը:

 

Հոդերի էնդոպրոթեզավորումն այն հիվանդությունների ելքն է, որոնք բերում են հոդերի անվերադարձ մաշեցման: Դրանք կարող են լինել տարբեր հիվանդությունների և տարբեր պատճառների արդյունքում:

2. Ի՞նչ այլընտրանք կա ազդրի և ծնկային հոդի էնդոպրոթեզավորմանը:

Եթե պացիենտի մոտ հիվանդության ընթացքը բերել է նրան, որ էնդոպրոթեզավորումը ցուցում է, ուրեմն այլընտրանք չկա:

3. Նախքան վիրահատությունը ինչպե՞ս հանգստացնել ցավը:

Եթե պացիենտին առաջարկվել է վիրահատական միջամտություն և ինչ-ինչ պատճառներով հետաձգվում է, բժիշկը նշանակում է համապատասխան հակաբորբոքային, ցավազրկող բուժում և, միաժամանակ, կատարվում է հոդի բեռնաթափում՝ հավելյալ հենարանների օգնությամբ, այսինքն, պացիենտն օգտվում է ձեռնափայտից կամ հենակից, որ բեռնաթափի տվյալ վերջույթը` նախքան վիրահատությունը:

4. Վիրահատության նախօրեին ինչպե՞ս պատրաստվել տանը:

Էնդոպրոթեզավորումն օրթոպեդիկ մեծ ծավալի վիրահատությունների շարքին է դասվում և նման միջամտության պատրաստվող պացիենտները նախօրեին տանը չեն լինում: Նրանք նախապես գտնվում են կլինիկայում և նախավիրահատական պատրաստությունն ապահովում է բժշկական անձնակազմը:

5. Որքա՞ն է տևում էնդոպրոթեզավորման վիրահատությունը:

Ընդհանրապես, վիրահատությունների տևողության մասին խոսելը ճիշտ չէ, քանի որ դա կախված է պացիենտի ընդհանուր վիճակից, գեր լինելուց, հոդի վիճակից, վիրահատող բժշկից, նրա մոտեցումից, աշխատանքային ոճից: Միջինը կարելի է համարել կոնքազդրային հոդի համար` 1-1.5 ժամ, ծնկան հոդի համար` 2.5 ժամ:

6. Կա՞ տարիքային սահմանափակում

Շատ երիտասարդ տարիքում ցանկալի չէ, եթե անգամ կա ցուցում: Հարկ է հնարավորինս պահպանել հոդը, որպեսզի պացիենտի մոտ կանգ առնի աճման գործընթացը, իսկ եթե հնարավոր է` երկարաձգել մինչև 30 տարեկանը: Իհարկե, դա չպետք է լինի պացիենտի տառապանքի հաշվին: Ընդհանուր առմամբ հիվանդությունների արդյունքում ոսկրային համակարգը կարող է տուժել և՛ երիտասարդ տարիքում, և՛տարեցների մոտ: Այստեղ էականն առողջ կենսակերպն է, ինչը կարևոր է ոսկրային համակարգն առողջ պահպանելու համար:

7. Ի՞նչ արժեն վիրահատությունները և պրոթեզները:

Էնդոպրոթեզների արժեքները տատանվում են: Ստանդարտ, ոչ ցեմենտային էնդոպրոթեզների արժեքն այսօր Հայաստանում 500 - 800 հազար ՀՀ դրամ է: Վիրահատության արժեքը կախված է վիրահատության բարդությունից, վիրահատությունն իրականացնող կլինիկայից, մասնագետից: Գույություն ունեն սոցշահառուների, հաշմանդամների համար պետական պատվերներ: Մեր կլինիկայում դա հնարավոր է և այս դեպքում պացիենտը միայն էնդոպրոթեզի ձեռք բերման խնդիր ունի:

8. Ի՞նչ է ներառում ազդրային կամ ծնկան հոդի էնդոպրոէեզավորումը:

Էնդոպրոթեզավորումը մեծ հոդերի երկու շարժական մակերեսների փոխարինումն է արհեստական շարժական մակերեսներով, որոնք գրեթե լիարժեք փոխարինում են հոդին, վերականգնում հիվանդության պատճառով կորցրած շարժական ֆունկցիան:

9. Ֆիքսացիայի ո՞ր տեսակն է առավել հարմար:

Էնդոպրոթեզավորման մեջ կա երկու հիմնական ֆիքսման միջոց՝ ցեմենտային և ոչ ցեմենտային: Ցեմենտային ֆիքսացիայի դեպքում ոսկր-էնդոպրոթեզն ամրացվում է, այսպես կոչված, ոսկրային ցեմենտով: Այն ոսկրի մեջ տեղադրվում է դեռևս փափուկ վիճակում, որը հետո կարծրանում է և ապահովում կարծր ֆիքսացիա:

Ոչ ցեմենտային ֆիքսացիան ապահովում է ոսկրի ներաճը էնդոպրոթեզի մակերեսի մեջ: Ներկայում առավել ցուցված է ոչ ցեմենտային ֆիքսացիան, թեև կան դեպքեր, երբ գերադասելի է ցեմենտային ֆիքսացիան:

 

10.  Ի՞նչ սպասել անմիջապես վիրահատությունից հետո:



Հիվանդների հետվիրահատական վերականգնումը, սովորաբար, տևում է մոտավորապես 6 շաբաթ, որից առաջին շաբաթը հիվանդը գտնվում է հիվանդանոցում:

11.  Ի՞նչ հնարավոր բարդություններ կարող են լինել էնդոպրոթեզավորումից հետո:

Էնդոպրոթեզավորման բարդությունները լինում են տեղային և ընդհանուր:

Օրգանիզմում օտար մարմնի հայտնվելը, որի հանդեպ օրգանիզմի կողմից ցուցաբերվում է ագրեսիա, և ծավալուն վիրահատությունը կարող են ընդհանուր բարդությունների պատճառ լինել:

Էնդոպրոթեզավորման ժամանակ հիմնական բարդությունը ստորին վերջույթներում թրոմբների ձևավորման, նրանց անջատման և կենսական խոշոր անոթների խցանման հավանականությունն է, որի դեպքում` կապված խցանված անոթի տեղակայամումից, զարգանում է համապատասխան կլինիկական պատկեր:

Տեղային բարդություններից է հարպրոթեզային հատվածի ինֆեկցումը, ինչը կարող է հանգեցնել, ընդհուպ, էնդոպրոթեզի ամբողջական հեռացման: Այդ պատճառով նախքան վիրահատությունը պացիենտի բուժող բժիշկը պետք է հետևողականորեն ախտորոշի և վերացնի բոլոր քրոնիկ ինֆեկցիոն օջախները (փչացած ատամներ, կոկորդի քրոնիկ բորբոքային գործընթացներ և այլն):

Այլ բարդությունների հավանականությունы քիչ է, օրինակ, ոսկրերի էնդոպրոթեզի հետ կապի խախտումը կամ դրա ձևավորման խափանումը:

Եթե վիրահատությունից հետո առաջին շաբաթը հարթ է ընթացել, հետագա բարդությունների հավանականությունը գրեթե զրո է:

12. Ի՞նչ դեղեր օգտագործել էնդոպրոթեզի ֆիքսացիան ամրացնելու համար:

Եթե պրոթեզը տեղադրվում է ոսկրի մեջ և նրա հենարանը՝ մատրիքսը, ոսկրն է, ապա ոսկրի ամրությունն ու որակն անմիջական ազդեցություն ունեն էնդոպրոթեզի կենսական ցիկլի, տևողության, և նրա ամրացման որակի վրա: Նման դեպքերում, երբ հիվանդի մոտ կա արտահայտված օստեոպորոզ, նախավիրահատական փուլում մի քանի ամիս պացիենտը պետք է ստանա հակաօստեոպորոզային բուժում:

13. Էնդոպրոթեզավորումից հետո ե՞րբ կարելի է քայլել:

Սովորական էնդոպրոթեզավորումից հետո հիվանդը հաջորդ օրը կարող է նստել կամ կանգնել: Սա ՀՀ-ում ընդունված ձևաչափն է: Աշխարհում կան կլինիկաներ, որտեղ նման ակտիվություն սկսում են մի քանի ժամից` այն հիմնավորմամբ, որ շարժման արդյունքում վերջույթում արյան շրջանառության խանգարումներ առավել քիչ են հանդիպում:

1-2-րդ օր անց հիվանդը սկսում է քայլել քայլակով` մինչև առաջին 4-6 շաբաթը: 6 շաբաթ անց, եթե հիվանդն ունի նորմալ զարգացած մկանային համակարգ, կարող է քայլել առանց հենակների: Մկանային համակարգի թուլության պատճառով ի հայտ եկող կաղության դեպքում հիվանդը ստիպված է ավելի երկար օգտվել հենակներից: Նման դեպքերում լրացուցիչ նշանակվում է բուժական ֆիզկուլտուրա:

14. Ի՞նչ խորհուրդներ են անհրաժեշտ տանը:

Էնդոպրոթեզավորումից հետո հիվանդները ստանում են գրավոր ուղեցույց, որով պետք է առաջնորդվեն, որը ներառում է որոշ սահմանափակումներ: Հիվանդը պետք գիտակցի, որ իր վերջույթում տեղադրված է մաշվածության ժամկետ ունեցող արհեստական հոդ և որքան հետևողական լինի, այնքան երկար կծառայի այն:

 

Չի կարելի ֆիզիկական ծանրաբեռնվածություն, գիրանալ, հատկապես, եթե պացիենտը տարեց է:

15. Ե՞րբ է վերադառնալ աշխատանքի:

Վեց շաբաթից արդեն կարող են անցնել աշխատանքի: Կարևոր է աշխատանքի բնույթը. եթե գրասենյակային աշխատանք է, կարելի է նաև` ավելի վաղ, իսկ ակտիվ, ֆիզիկական լարվածության հետ կապված աշխատանքը ցանկալի է ուշ սկսել:

16. Վիրահատությունից հետո երբվանի՞ց է հնարավոր սեռական կյանք վարել:

Հիվանդին տրվող ուղեցույցում այդ մասին նշված է, որտեղ կան խորհուրդներ, ընդհուպ` մինչև դիրքերի ընտրությունը: Միջին ժամկետն ընդունված է վեց շաբաթ:

17. Ի՞նչ ֆիզիկական վարժություններ են հարմար էնդոպրոթեզավորման վիրահատություն տարած անձանց:

Ֆիզիկական, սպորտային ծանրաբեռնվածությունը չի բացառվում, բայց հիվանդը պետք իմանա, որ դա կլինի պրոթեզի կենսական ցիկլի հաշվին: Ընդհանուր առմամբ, կարող են ֆիզիկական ակտիվ կյանք վարել, հատկապես, եթե պրոթեզները կերամիկական հիմք ունեն:

18. Ե՞րբ կարելի է մեքենա վարել:

Մեքենա կարելի է վարել վիրահատությունից չորս շաբաթ անց: Կարևոր է, թե որ ոտքն է վիրահատված: Ձախ ոտքի պրոթեզավորման դեպքում կարելի է նաև` ավելի վաղ: Աջ ոտքի դեպքում մեծ նշանակություն ունի, թե հիվանդը որքանով է ադեքվատ պրոթեզավորված ոտքով արագության մեջ կառավարելու մեքենայի սեղմակը:

19. Կարո՞ղ են խնդիրներ լինել մաքսատներում

Մաքսատներում խնդիրը մետաղ որսացող սարքերի ազդանշանն է: Թեև ոչ բոլոր էնդոպրոթեզների դեպքում է սարքը զգայուն, ցանկալի է վիրահատության մասին երկու լեզվով փաստաթուղթ ունենալ:

20. Կարելի՞ է MRT հետազոտություն անցնել պրոթեզի առկայությամբ:

Նախկինում MRT հետազոտությունը արգելված էր: Ներկայումս երբեմն այն թույլատրվում է. յուրաքանչյուր դեպք քննարկվում է առանձին: Որոշում կայացնելիս կարևորվում է նախ, օրգանիզմի հետազոտվող հատվածը. որքան հեռու է պրոթեզավորված հոդից, այնքան հնարավորությունը մեծ է: Երկրորդ` պրոթեզի նյութը, օրինակ, տիտանից պատրաստված էնդոպրոթեզները և ինպլանտներն անտարբեր են MRT-ի նկատմամբ, ինչի համար ընտրության դեպքում դրանք նախընտրելի են:

Պողպատե ինպլանտների դեպքում տուփի վրա ցուցման կամ հակացուցման վերաբերյալ նշումներ են լինում:
Պրոթեզի բաղադրության ընտրության որոշումը կայացնում է միայն բժիշկը` առանց պացիենտի միջամտության, կախված խնդրի վիճակից: Էնդոպրոթեզները տարբեր արտադրողների մոտ տարբեր տեսք, գեոմետրիա և ծածկույթ ունեն: Դրանք նրբություններ են, որոնք միայն բժիշկը կարող է տիրապետել և ճիշտ վճիռ կայացնել:



21. Հնարավո՞ ր է ոտքի կարճացում էնդոպրոթեզից հետո:

Ճիշտ տեղադրված Էնդոպրոթեզից հետո նման բան չի կարող լինել:

22. Կա՞ սանատոր-կուրորտային բուժման անհրաժեշտություն:

Հատուկ սանատոր-կուրորտային բուժման անհրաժեշտություն չկա:

23. Ինպիսի՞ն են պրոթեզի ժամկետները:

Ամբողջ աշխարհում կոնքազդրային Էնդոպրոթեզների օգտագործման միջին ժամկետը 15 տարի է: Եթե պրոթեզը 15 տարի լիարժեք գործել է, դա համարվում է գերազանց արդյունք: Հազվադեպ են դեպքերը, երբ դա ձգվում է մինչև 20-22 տարի: Ծնկան հոդի դեպքում օգտագործման միջին ժամկետը 10 տարի է:
Եթե հիվանդը հավելյալ խնդիրներ չունի, կոնքազդրային Էնդոպրոթեզը պետք է նվազագույնը ծառայի 12-13 տարի: Ավելի պակաս ծառայելու պատճառ կարող են լինել Էնդոպրոթեզի շահագործման, հիվանդի ոսկրային համակարգի, պրոթեզի ոչ ճիշտ ընտրելու կամ տեղադրելու խնդիրները:

24. Ինչի՞ց է կախված պրոթեզի ֆունկցիոնալության երկարատևությունը:

Առաջին հերթին կարևոր է ոսկրային համակարգի վիճակը: Երկրորդը` պրոթեզի շփման զույգի ճիշտ ընտրությունն է:  Շփման զույգերը լինում են մետաղա-պոլիէթիլենային, կերամիկա-պոլիէթիլենային, կերամիկա-կերամիկա: Առաջին երկուսը Հայաստանում առկա են, իսկ երրորդը Հայաստան չի ներկրվում և չի կիրառվում թանկ լինելու պատճառով: Մեզ մոտ կիրառվող կերամիկա-պոլիէթիլենային շփման զույգով էնդոպրոթեզները ներդիրների որակի կտրուկ բարձրացման հաշվին՝ մաշվածության ժամկետով, գրեթե չեն զիջում չմաշվող կերամիկա-կերամիկային: Ի դեպ, վերջինիս միակ թերությունը դրա կոտրվելու հավանականությունն է, իսկ քանի որ կերամիկան փշրվում է ապակու պես և ամբողջովին լցվում հոդի մեջ, հետագա էնդոպրոթեզավորման համար բավականին տեխնիկական խնդիրներ է առաջացնում:

25. Ինչպե՞ս է հնարավոր երկարացնել ժամկետը:

Միայն ճիշտ կենսակերպ վարելն է նպաստում ոչ թե ժամկետի երկարացմանը, այլ նորմալ ժամկետի ապահովմանը: Արհեստականորեն հնարավոր չէ ժամկետը երկարացնել:

26. Ե՞րբ է անհրաժեշտ կրկնակի վիրահատություն կատարել:

Կրկնակի վիրահատությունը ցուցվում է հիվանդի մոտ առկա գանգատների և ռենտգենաբանական փոփոխությունների հիման վրա: Յուրաքանչյուր էնդոպրոթեզավորված հիվանդ, հատկապես երիտասարդները, պետք է իմանան, որ ռեպրոթեզավորումն անխուսափելի է: Հիվանդը պետք է մշտապես հսկողության տակ գտնվի և առնվազն 2 տարին մեկ անգամ ենթարկվի ռենտգեն հետազոտության: Այդ կերպ հնարավոր է ռեպրոթեզավորման ժամկետն ընտրել ամենաճիշտ պահին: Ուշացած դեպքերում պրոթեզի խիստ մաշվածության արդյունքում մետաղական մասերը` ծակելով պրոթեզը, կարող են անգամ վնասել ոսկրին: Նման տեխնիկական խնդիրները բերում են հետագա պրոթեզավորման արդյունավետության նվազման, մեծանում է բարդությունների հավանականությունը, իսկ պրոթեզի կենսական ցիկլի տևողությունն իջնում է:

Պացիենտի մոտ համակարգային հիվանդությունների առկայությունը ռիսկային է մյուս` առողջ հոդի ախտահարման համար: Երկրորդ հոդի ախտահարման պատճառ կարող են լինել նաև նրա ծանրաբեռնվածությունը, անհետևողականությունը, վնասված ոտքի պատճառով առողջ ոտքի լրացուցիչ ծանրաբեռնումը:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ